Պուտինի «փիարշիկի» բացահայտումները. The Daily Beast-ի անդրադարձը

17:31 • 12.03.14

2006թ-ից ի վեր նյույորքյան Ketchum փիար-ընկերությունը Կրեմլին միլիոնավոր դոլարների հաշիվներ է ներկայացրել՝ խորհրդատվության և օգնության դիմաց, որն ուղղված է Արևմուտքում Ռուսաստանի իմիջի լավացմանը, գրում է The Daily Beast-ը, որի հոդվածը փոխանցում է inopressa.ru-ն։

 

«Այժմ, երբ Ռուսաստանի հեղինակությունն ընկել է ավելի, քան երբևէ՝ սառը պատերազմից ի վեր, գործակալության զրուցակիցը նշում է, որ հաճախորդի ծախսերը դժվար թե արդարանան»,- գրում է լրագրող Էլի Լեյկը։

 

Համաձայն Ketchum-ի հաշվետվության՝ գործակալությունը Մոսկվային 2013թ.-ի երկրորդ կիսամյակի համար 1.5 մլն դոլարի հաշիվ է ներկայացրել։
 

Էնգուս Ռոքսբուրգը, ով Ketchum-ում աշխատել է 2006-2009 թթ.-ին, մեկնաբանում է, որ արևմտյան «փիարշիկները» Կրեմլին խորհուրդներ են տալիս, սակայն Պուտինը միշտ անտեսում է դրանք։

 

«Նա ինքն է զբաղվում իր փիարով։ Անկեղծ ասած՝ չեմ կարող Ketchum-ի արած ինչ-որ բան հիշել, որն իրոք բարելավել է Ռուսաստանի իմիջը»,-ասել է Ռոքսբուրգը։

 

Իսկ ինչպե՞ս է արձագանքում Ketchum-ն իր հաճախորդի՝ Ղրիմ ներխուժմանը։ Ընկերության ավագ փոխնախագահ Դանա Սթեմբոն նշում է, որ գործակալությունը, ինչպես և առաջ, կենտրոնացած է տնտեսական զարգացման և ներդրումների վրա, և ՌԴ-ին խորհուրդներ չի տալիս արտաքին քաղաքական հարցերում։

 

Ռոքսբուրգը մեկնաբանում է. ներդրումային գրավչության ավելացման համար պետք է քողարկվեն ոչ գրավիչ բոլոր մասերը՝ մարդու իրավունքների հետ խնդիրները, հարևան պետություններ ներխուժումները և այլն։ Ռոքսբուրգը հիշում է, որ 2006թ.-ին Պուտինի մամուլի ծառայությունը լուրջ էր վերաբերվում արևմտյան փիարշիկների խորհուրդներին և հետաքրքրվում էր Արևմուտքի փորձով։

 

«Սակայն երբ Աննա Պոլիտկովսկայայի (ռուս լրագրողուհի) սպանությանը հետևեց Ալեքսանդր Լիտվինենկոյի (իշխանությունների ընդդիմախոս) սպանությունը, ապա՝ ռուսների ներխուժումը Վրաստան, իմ մոտ կասկած առաջացավ. Կրեմլը որոշել էր արևմտյան գործակալությունների վարձել, քանի որ գիտեր, որ իր իմիջն ուր որ է խաթարվելու է»,-ասում է Ռոքսբուրգը։

 

Նա նաև նշում է, որ Ketchum-ում աշխատելու տարիներին ռուսները երբեք չեն հետևել իր գլխավոր խորհրդին՝ «դադարել իրեն պահել ԽՍՀՄ-ի պես»։


Իր գրքում նա գրել է. «Ոչ մի փիար չի թուլացնի լուսանկարի վնասը, որտեղ ՕՄՕՆ-ը ծեծում է տատիկներին»։