Հայ ներգաղթյալն Իռլանդիայում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ դաժան բռնաբարության համար
Իռլանդիայի Կենտրոնական քրեական դատարանը 2005թ. երկիր ներգաղթած 29-ամյա Արտակ Խաչատրյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ երիտասարդ կնոջ դաժան բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է independent.ie-ն, տուժածը պատմել է, որ բռնաբարության հետևանքով ինքն այնպիսի հոգեբանական ցնցումներ է ստացել, որ վախենում է անգամ քնել, որովհետև անընդհատ սարսափելի դեպքի հետ կապված մղձավանջներ է տեսնում։
Թեև հայ տղամարդը հերքել է իր մեղքն ու հայտնել, որ սեռական ակտը տեղի է ունեցել 2-ի փոխհամաձայնության արդյունքում, այնուհանդերձ դատավորը, հաշվի առնելով բռնաբարության դաժանությունն ու կնոջ հանդեպ կրկին նման արարք գործելու հնչեցրած սպառնալիքը, վճռել է նրան ազատազրկել 9 տարի ժամկետով։
Տուժածը պատմել է, որ 2011թ. սեպտեմբերի 16-ին տուն վերադառնալիս վերելակի մոտ հանդիպել է Խաչատրյանին, ով առաջարկել է «զոհին» իր բնակարան գնալ, քանի որ ինչ-որ գործ ունի այն ընկերության հետ կապված, որում այդ ժամանակ աշխատում էր կինը։ Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ նրանք մտել են Խաչատրյանի բնակարան, որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։
Տուժածի խոսքով՝ միջադեպն այնպիսի խորը հետք է թողել իր հոգում, որ նրա մոտ գարշանք է առաջացել բոլոր տղամարդկանց հանդեպ, ինչի պատճառով էլ կինը բաժանվել է իր սիրելիից։ Միջադեպից հետո նա 8 անգամ հոսպիտալացվել է ՝ սթրեսից բուժվելու համար։










