Ուկրաինան հրաժարվել է զորք մտցնել Ղրիմ
Կիևը չի պատրաստվում զորքեր մտցնել Ղրիմի ինքնավարության տարածք, հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը France-Press-ին տված հարցազրույցում:
Տուրչինովի խոսքով՝ եթե Կիևը վճռի ռազմական գործողություն սկսի Ղրիմում, ապա Ռուսաստանի հետ արևելյան սահմանը պաշտպանված չի լինի: Գործիչը պնդում է, որ Ռուսաստանը տանկային ուժեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և սադրում է Կիևին, որպեսզի զորքեր մտցնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի:
Տուրչինովն ասել է, որ Ուկրաինայում չեն պատրաստվում Կրեմլում հորինված սցենարին տուրք տալ: Սակայն եթե Ռուսաստանը հարձակվի Ղրիմում ուկրաինացի զինվորականների վրա, ապա դրան կհաջորդի ուկրաինական բանակի արձագանքը:
Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է դիվանագիտական քայլերի դիմել և շփվել ԱԳՆ-ների մակարդակում: Նա կարծում է նաև, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ստիպեն դադարեցնել ռազմական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար արդեն իսկ «կեղծիք» է անվանել հանրաքվեն, որ պատրաստվում են անցկացնել Ղրիմում մարտի 16-ին՝ ինքնավարության նոր կարգավիճակը որոշելու համար: Նրա կարծիքով հանրաքվեն ոչ թե Ղրիմում է կայանալու, այլ՝ Կրեմլի կաբինետներում:
Ռուսաստանը չի ճանաչում Տուրչինովին՝ որպես օրինակարգ նախագահ՝ այդպիսին համարելով երկրից փախած Վիկտոր Յանուկովիչին:










