Վարդան Պետրոսյանի դատը սկսվեց ու հետաձգվեց. փաստաբանը չէր ներկայացել դատական նիստին (տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը։
Վերջինիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին՝ ծանուցելով, թե մեկ այլ գործով դատական նիստի է մասնակցում։ Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին էր ներկայացրել փաստաթուղթ, որում նշված էր, թե փաստաբանն այս օրերին փաստաբանական վերապատրաստման դասընթացների է մասնակցելու, ինչի պատճառով առաջիկա օրերին չի կարող մասնակցություն ունենալ նիստերին։ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել էր նաև հաջորդ դատական նիստը նշանակել իր համաձայնությամբ:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ասելով, թե ցանկանում է, որ այս գործով փաստաբաններ ներգրավվեն նաև Ֆրանսիայից, որոնք Երևանում կլինեն մարտի 25-ին և դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը։
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը լսեց նաև տուժող կողմի ներկայացուցիչներին։ Տուժող Տաթև Հակոբյանն ասաց, թե իր կարծիքով արհեստական են դատական նիստը հետաձգելու բոլոր պատճառաբանությունները։
Դատավորը Վարդան Պետրոսյանին հարցրեց, թե բացի Նիկոլայ Բաղդասարյանից այլ փաստաբաններ ևս կան ներգրավված այս գործում, նրանք ինչո՞ւ չեն ներկայացել, տեղեկություններ ունի՞ նրանց վերաբերյալ:
«Ես կալանավայրում եմ, ոչինչ ունենալ չեմ կարող»,-ասաց Վարդան Պետրոսյանը։
Վերջինս, սակայն, դատարանից խնդրեց տուժող կողմին ներկայացնել, թե ինչու իր պաշտպանները չեն ներկայացել այսօրվա դատական նիստին:
«Ավելի լավ կլինի էդ ուռոդը չգա, դու խոսես»,–տեղից Վարդան Պետրոսյանին դիմելով՝ ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:
Դատավորը տուժողին ընդհատեց՝ զգուշացնելով, որ առանց դատարանի թույլատվության չի կարող միջամտել, հակառակ պարագայում դատարանը ստիպված կլինի նրա նկատմամբ սանկցիա կիրառել:
Դատավորը հայտարարեց, թե հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետևի մասին: Վթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ Արթուրի Հակոբյանին և Էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
)










