26 տարի մահապատժի սպասող ամերիկացին ազատ է արձակվել

09:19 • 12.03.14

ԱՄՆ-ում Լուիզիանայի դատարանն արդարացրել է 64-ամյա Գլեն Ֆորդին, ով մոտ 26 տարի սպասել է մահապատժի՝ սպանության համար մեղադրված լինելով, հայտնում է Associated Press.-ը:

 

Ֆորդն արդեն ազատության մեջ է: Ֆորդի արդարացմանը հասնել հնարավոր է դարձել, երբ նրա փաստաբաններն ապացուցել են, որ նա չէր կարող գտնվել դեպքի վայրում սպանության պահին: Հետաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հրապարակվում:

 

Ֆերդը մեղադրվում էր 1983-ին ոսկերիչ ու ժամագործ Իզիդոր Ռոզմանին սպանելու համար: Նրանք ծանոթ էին, և երբեմն Ֆորդը Ռոզմանին օգնում էր աշխատանքում: Ֆորդը միշտ հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել: 1988-ից նա սպասել է մահապատժի: Հետաքրքրական է, որ երբևէ չի գտնվել Ռոզմանի սպանության գործիքը, վկաներ ևս չեն եղել:

 

Ֆորդը սպանության հնարավոր հեղինակ է անվանել ոմն Ջեյք Ռոբինսոնին, որի հետ կապված մի կին ժամանակին վկայություն է տվել Ֆորդի դեմ, ապա խոստովանել, որ ստել է:

 

Աֆրոամերիկացի Ֆորդի մեղավորությունը որոշել է երդվյալ ատենակալների դատարանը, որի կազմում ոչ մի աֆրոամերիկացի չի եղել: