Բակո Սահակյանը ցավակցել է Ռոլես Աղաջանյանի ընտանիքին

12:25 • 13.03.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել վերջինիս ընտանիքին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Ուղերձում ասված է.


«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական և քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:


Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում և ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների և անկախ պետականության կերտմանը:


Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի և հավատարիմ ընկեր:


Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգևատրելով նրան պետական բարձր պարգևներով:


Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով:


Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»: