Երկու տարուց կգործի Վարդենիս-Մարտակերտ ասֆալտապատ մայրուղին. ԼՂՀ վարչապետն այցելել է Մարտակերտ քաղաք
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով:
Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտակերտ քաղաքի համայնքապետի հաշվետվությամբ` բացի նոր կառուցված պոլիկլինիկայի սպորտդահլիճի շենքերից և բարեկարգման մի շարք աշխատանքներից, ավարտին են հասնում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնց համար տրամադրված է շուրջ 1.5 մլրդ դրամ:
Խոսելով քաղաքի ռազմավարական ծրագրերի մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարեկարգվել է Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհը, իսկ ամենաուշը երկու տարուց կգործի Վարդենիս-Մարտակերտ ասֆալտապատ մայրուղին, որը մեծ խթան կդառնա քաղաքի զարգացման համար: Բնակարանաշինությունը համարելով Մարտակերտի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը՝ վարչապետ Հարությունյանը ընդգծել է, որ քաղաքում գործում է հիփոթեքային ծրագիր, և շուտով նոր բազմաբնակարանային շենք կկառուցվի այնտեղ:










