Սկսվում է Ուկրաինայի ազգային գվարդիայի զորահավաքը
Այսօր՝ մարտի 13-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայում կներկայացվի Ուկրաինայի ազգային գվարդիայի կոնցեպցիան: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է rus.newsru.ua-ն:
«Այսօր խորհրդարանում քննարկման ենք դնելու շատ կարևոր հարց, որի վրա բոլորն են աշխատել: Օրենքը չափազանց արդիական է և անհրաժեշտ՝ ներկայիս իրավիճակի լույսի ներքո: Վաղը, այդ օրենքի և պատրաստված պլանի համաձայն, սկսում ենք Ուկրաինայի ազգային գվարդիայի զորահավաքը: 20 հազար ուկրաինացի կկարողանա կարճ ժամանակահատվածում լրացնել Ազգային գվարդիայի հատուկ ռեզերվը՝ պատրաստ լինելով իրականացնել խաղաղության պահպանման և կայունության հաստատման նպատակով դրված խնդիրները»,- հայտարարել է նախարարը:
Ավակովի խոսքով՝ երկրի զինկոմիսարիատներում զորահավաքին մասնակցելու ցանկություն է արդեն հայտնել մոտ 50 հազար մարդ:










