Վլադիմիր Գասպարյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)

15:05 • 13.03.14

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 12–ին մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելել է Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցել Ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:


Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցությունը նվիրված է եղել բարեփոխումների ծրագրով նախատեսված առաջնահերթ խնդիրներին:


Ոստիկանության պետը, մասնավորապես, պահանջել է ակտիվացնել աշխատանքը ոստիկանի նոր մտածողության ու կերպարի ձևավորման ուղղությամբ, քաղաքացու հետ հարաբերություններում բացառել ցանկացած անթույլատրելի դրսևորում, գործնական պարապմունքների ընթացքում բարձրացնել անձնակազմի մասնագիտական ու ծառայողական պատրաստականության մակարդակը:


Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ Ոստիկանության պետը նշել է, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում և հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջել է անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ:


Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք է պահանջել հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային Ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային Ոստիկանության աշխատակիցներից:


Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան՝ Ոստիկանության պետը նկատել է, որ, չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է Ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Եվ, որպես օրինակ, Վլադիմիր Գասպարյանը նշել է այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են Ոստիկանություն դիմելուց:


Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին՝ Ոստիկանության պետը կարևորել է այնտեղ պարեկապահակետային ծառայության՝ «հրեշտակների» դասակի կազմավորման անհրաժեշտությանը. ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին և այլն:



Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ:

Ոստիկանության պետն անդրադարձել է գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական և համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ:


Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման հրատապությունը և գյուղական շրջաններում Ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու հողագործ մարդու հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:


Վլադիմիր Գասպարյանը հավաստել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու և հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ:


Հանդիպման ավարտին գործնական խոսակցություն է ծավալվել Ոստիկանությանն ու համայնքներին հուզող հրատապ հարցերի շուրջ, որոնցից մի քանիսին հենց տեղում տրվել են լուծումներ: