Ռուսաստանը Եվրախորհրդարանին կփոխանցի Ուկրաինայում վիրավորների ցուցակները

10:42 • 13.03.14

Ռուսաստանը Եվրախորհրդարանին կփոխանցի Ուկրաինայում վիրավորների ցուցակները, որոնց մասին չգիտեն այդ եվրոպական մարմնում, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, որը ներկա է եղել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին, գրում է Взгляд-ը:

 

«Մենք մեր կողմից մտադիր ենք ներկայացնել այն մարդկանց ցուցակները, որոնք վիրավորվել են՝ իրենց հասցեին խախտումների կոնկրետ թվարկմամբ, վայրի, ժամանակի կոնկրետ հիշատակմամբ, որտեղ մարդիկ սպանվել են, վիրավորվել, ծեծի ու խոշտանգումների ենթարկվել և այլն: Եվ մենք պայմանավորվել ենք, որ կփոխանցենք այդ նյութերն այն խորհրդարանականներին, որոնց հետ մենք այստեղ հանդիպել ենք»,- ասել է նա:

 

Նրա խոսքով՝ եվրախորհրդարանականները չունեն տվյալներ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին:

«Ինչ վերաբերում է մարդկանց իրավունքների խախտումներին և լուրջ խախտումներին. երբ Ռեգիոնների կուսակցության շենքի գրավման ժամանակ երկու հոգու են սպանել, երբ Լվովի շրջանի կոմունիստների ներկայացուցիչներից մեկին խոշտանգել են, եղունգների տակ ասեղներ են դրել, կոտրել են գանգը, եվրախորհրդարանականները հայտարարել են մեզ, որ իրենք այդ տեղեկությունները չունեն»,- ասել է Պուշկովը:

 

Պատգամավորի խոսքով՝ այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եվրոպացի քաղաքական և հասարակական գործիչներն այլ տեղեկատվական իրականության մեջ են: