Ղրիմի հանրաքվեից հետո՝ Հայաստանի համար հնարավոր նոր արտաքին քաղաքական վտանգներ. Ս. Սաֆարյան

20:06 • 13.03.14

Մարտի 16 –ին Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումից հետո Հայաստանի համար կարող են ի հայտ գալ արտաքին քաղաքական նոր վտանգներ: Այն է՝ Ռուսաստանը կարող է դիմել ՄՄ անդամ երկրներին և նրա պոտենցիալ 4-րդ անդամ Հայաստանին՝ Ռուսաստանի հետ տարածքային ամբողջականության շրջանակում ճանաչելու Ղրիմի անկախությունը:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

 

«Անշուշտ, Ռուսաստանը նման հրամայական ունենալու է, որովհետև միջազգային հանրությունն արդեն իսկ հայտարարել է, որ չի ճանաչելու Ղրիմի հանրաքվեի արդյունքները, ԵԱՀԿ-ն էլ ոչ միայն դիտորդներ չի ուղարկելու, այլև ապօրինի է ճանաչել հանրաքվեի անցկացումը: Հետևաբար Ռուսաստանը, ինչպես Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում էր, ունի մեկ ճանապարհ՝ դիմել գոնե այն պետություններին, ում հետ ունի լավ հարաբերություններ, կամ ովքեր կարող են ենթարկվել իր ճնշումներին և օրակարգում դնել Ղրիմի հարցը: Կարծում եմ, որ որպես ռազմավարական գործընկեր՝ Հայաստանի առաջ այդ հարցը կդրվի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքական ուժերի արձագանքը ոչ ադեկվատ է Հայաստանի մարտահրավերները գնահատելու հարցում և ավելացրել.«Տեսանելի է, որ մարտի 17–ին Ռուսաստանը ճանաչելու է Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ Ղրիմի անկախությունը, և հասկանալի է, որ շատ հետաքրքիր իրադրություն է ստեղծվելու՝ կապված նրա հետո, որ Հայաստանը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսինքն՝ կանգնելու են հերթական երկընտրանքի առաջ՝ ի՞նչ անել»:


 

Հիշեցնենք, որ Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ի պատասխան հարցի, թե նախկինում ՌԴ–ի կողմից Հայաստանի վրա նման ճնշումներ եղե՞լ են, Ստյոպա Սաֆարյանն ասաց.«Ես տեղյակ եմ, որ Հարավային Օսիայից և Աբխազիայից հետո ամենատարբեր մակարդակներով հանդիպումների ընթացքում այդ հարցը ռուսական կողմն առաջ է քաշել, և հայկական կողմը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող ճանաչել այդ երկրները, քանի որ ունի նույնպիսի չճանաչված հանրապետություն՝ ԼՂ-ն: Եվ կարծում եմ՝ հիմա էլ Երևանը պետք է հայտնի նույն դիրքորոշումը»:

 

Ստյոպա Սաֆարյանն արձանագրեց, որ ՌԴ իշխանություններն այն ժամանակ ըմբռնումով մոտեցան Երևանի դիրքորոշմանը, սակայն չբացառեց, որ այս ընթացքում ՌԴ-ն իր մոտեցումներն ավելի կոշտացրած լինի:

 

Առհասարակ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն ֆոնին Հայաստանի պատվիրակությունների համար հեշտ չի լինելու՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, հատկապես՝ ՆԱՏՕ-ի և ԵԽԽՎ-ի խորհրդարանական վեհաժողովներում: