Եթե չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների. Շարմազանովի բարեկամական խորհուրդը`ՀԱԿ–ին

14:47 • 13.03.14

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Tert.am-ին հետ հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, ասաց, որ ՀԱԿ–ին մի բարեկամական խորհուրդ կտա. եթե չմիավորվեն Բարգավաճի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների։


«Ես նաև զարմանում եմ իմ այն գործընկերների վրա, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ Հանրապետական մասին է: Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ՝ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են՝ Հանրապետականը նման է KПCC-ի։ Ես ինչ եմ ասում, իրենք ինչ են ասում. իմ ասելը նա չի, որ Հանրապետականը ում է նման, ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է։ Ես իրենց մի բարեկամական խորհուրդ կտամ, եթե իրենք չմիավորվեն Բարգավաճի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների»,-ասաց նա՝ նկատի ունենալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ այն հայտարարությանը, թե Հայաստանում Հանրապետական կուսակցությունը ոչ թե նման է ամերիկյան Հանրապետական կուսակցությանը, այլ նմանեցվում է սովետական KПCC-ին կամ Արևելյան Եվրոպայի այլ կոմունիստական կուսակցություններին, որոնք, խախտելով Սահմանադրությունը և օրենքները, հաստատել են քաղաքական մենաշնորհ։


Էդուարդ Շարմազանովն արձագանքեց նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը, ով փոխխոսնակին հիշեցրել էր, թե ժամանակին ՀՀԿ-ն է քննարկել ՀՅԴ-ի կազմում մտնելու հարցը։ «1990-ականների սկզբին ՀՀԿ-ն լրջորեն քննարկում էր ՀՅԴ-ի մեջ մտնելու տարբերակը, ինչ-ինչ փոքր խնդիրներ այդ ժամանակ խանգարեցին»,-նշել էր Աղվան Վարդանյանը:


«Ես խոսում եմ ապագայի մասին, իմ հարգարժան գործընկերները խոսում են անցյալից, կարծում եմ՝ պիտի նայենք դեպի ապագան, իսկ ներկան ու ապագան խոստանում են մեզ, որ մենք կարող ենք ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ»,-ասաց նա։


Բայց ամեն դեպքում Շարմազանովը հաստատապես չի ասում, որ այդ բևեռացումը լինելու է. «Եթե չեն ուզում, ոչ մեկը իրենց չի ստիպում»,-նկատեց նա:


Հարցին, թե չորս քաղաքական ուժերն արդեն նշմարո՞ւմ են իրենց առաջնորդին, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իրենք պետք է որոշեն, ժողովուրդը պետք է որոշի: Նախ մինչև 2018 թվականը բավական ժամանակ կա, որովհետև մեր համապետական հաջորդ ընտրությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, և այդ չորս կուսակցությունները, ցանկացած կուսակցություն ինքը պիտի որոշի՝ ինչպիսի թիմով գնա և ում առաջնորդությամբ»:


Իսկ թե ինչու հենց ԲՀԿ-ին պետք է միավորվեն այս ուժերը, նա պատասխանեց, որ քանի որ հենց ԲՀԿ-ի հետ են հանդիպումները կայանում, բացի այդ էլ ԲՀԿ-ն է ամենամեծ կուսակցությունը: