50 մլն դրամ` ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանության համար

11:36 • 13.03.14

ՀՀ կառավարության որոշմամբ 50 մլն դրամ կտրամադրվի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացման նպատակով:


Որոշման նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նշեց, որ ՊՈԱԿ-ին ներկայացվել է մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր:


«2014 թվականի պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարությանը «Թարգմանչական ծառայություններ» ծրագրով նախատեսված 122 մլն դրամ հատկացումների շրջանակներում ՊՈԱԿ-ը պետք է կատարի 10100 էջ թարգմանություն: Այսպիսով, այս պահի դրությամբ թարգմանության ներկայացված պատվերներն արդեն իսկ երկու անգամ գերազանցում են ՊՈԱԿ-ի տարեկան պլանը և այդ պատճառով անհրաժեշտ է ուղղել լրացուցիչ գումար»,- ասաց նա: