Քերին ու Լավրովն Ուկրաինայի ճգնաժամը կքննարկեն Լոնդոնում

11:58 • 13.03.14

Ուկրաինայի ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ-ն Լոնդոն կգործուղի պետքարտուղար Ջոն Քերիին, որն այնտեղ կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Քերին հայտարարել է, որ «երկուսով» ձևաչափի հանդիպումը կկայանա ուրբաթ և կդառնա երկխոսության հերթական փորձը, որ նա և Բարաք Օբաման վարում են Ռուսաստանի հետ:

 

Քերին հայտարարել է, թե ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանը կարող է պատմական, մշակութային և այլ հետաքրքրություններ ունենալ Ուկրաինայում և հատկապես Ղրիմում, բայց նկատել է, որ դա չի կարող ռազմական միջամտության արդարացում լինել, ինչին ականատես է եղել ամբողջ աշխարհը:

 

Քերին կարծում է, որ ԱՄՆ-ն ու իր եվրոպական գործընկերները պարզ հասկացրել են Մոսկվային, որ խնդրի լուծման այլ եղանակներ կան:

 

Քերին նախազգուշացում է արել այցից առաջ, թե ԱՄՆ-ն անելու է այն, ինչ ստիպված է լինելու անել, եթե Ռուսաստանը «ճիշտ ընտրություն» չկատարի:

Նրա հայտարարությունը հնչել է Սպիտակ տանն Օբամայի և Ուկրաինայի նոր իշխանության պատվիրակության հանդիպման ֆոնին: Հանդիպման ժամանակ Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն Կիևի կողքին է: