Ուկրաինացի պատգամավորը կարծում է, որ Ռոստովում երկրորդ անգամ ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանակը

16:43 • 13.03.14

Ուկրաինացի պատգամավոր Տարաս Չորնովոլը հայտնել է, որ կասկածանքով է վերաբերվում պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտնվելուն ՌԴ Ռոստով քաղաքում, որտեղ մարտի 11-ին նա երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Իր ելույթն Ուկրաինայի նախկին նախագահը սկսել էր հենց իր մահվան մասին լուրերի հերքմամբ։ «Նախևառաջ, քանի որ Ուկրաինայում տարածվում են տարատեսակ լուրեր, կցանկանայի ասել, որ ես ողջ եմ»,- այդպես էր սկսել է իր ելույթը Յանուկովիչը, գրում է newsru.com-ը։

 

Սակայն Չորնովոլի համար նախկին նախագահի ելույթը համոզիչ չի եղել։ Նա նշել է, որ ի տարբերություն առաջին մամուլի ասուլիսի, որտեղ 100% Յանուկովիչն է եղել, երկրորդ անգամ Ռոստովում իր փոխարեն դերասան է ելույթ ունեցել։

 

«Ես 4 տարի աշխատել եմ Յանուկովիչի հետ։ Այն բանից հետո, երբ ես տեսա նրա որոշ հոգեկան խանգարումները, որոնք ինձ կասկածելի թվացին, ես ակտիվորեն հետևում էի նրան, հատկապես՝ դեմքի արտահայտությանը, հայացքի առանձնահատկություններին և այլն։ Մարտի 11-ին ես դիտում էի լավ դերասանի ելույթ։ Միգուցե ես սխալվում եմ։ Միգուցե, դա ինչ-որ դեղերի, թմրանյութերի, խթանիչների ազդեցությունն է, սակայն ես չտեսա Ռոստովում այն մարդուն, ում հետ աշխատել եմ 4 տարի և ուշադիր հետևել 6 տարի»,- ասել է քաղաքական գործիչը։

 

Չորնովոլի խոսքով՝ «այդ մարդու մոտ անհետացել է դեմքի անհամաչափությունը, որը կար միկրոկաթվածի արդյունքում, անհետացել է այդ հայացքը»։

 

Հիշատակելով «չգործող նախագահի» վերաբերյալ Յանուկովիչի թույլ տված սխալի մասին՝ պատգամավորը նշել է, որ այն «կեղծ» է եղել։ «Դա սայթաքում չէր։ Դա խաղ էր։ Դա հատուկ էր արված տեքստով։ Դա նրա մոտ գրված էր թղթի վրա։ Ես կասկածում եմ, որ դա նրա նմանակն է։ Ես չգիտեմ՝ հիմա ինչ է պատահել Յանուկովիչի հետ՝ ողջ է, թե հանկարծակի հրաժարվել է խաղալ այդ խաղը։ Այսօր արդեն խաղացողը Յանուկովիչը չէ, այլ Պուտինը»,- վստահ է Չորնովոլը։