Յացենյուկի հայտարարությունները զայրացրել են Աբխազիային

11:49 • 13.03.14

Ուկրաինայի նոր վարչապետի հայտարարություններն Աբխազիայի վերաբերյալ զայրացրել են այդ հանրապետության ղեկավարությանը։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Աբխազիայի ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել։

 

Արսենի Յացենյուկի խոսքերը՝ Աբխազիայում զանգվածային գործազրկության և բանդիտիզմի առկայության մասին, պաշտոնական Սուխումին «սուտ և սադրիչ» է որակել։

 

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչումից հետո հանրապետության տնտեսության ամենամյա աճը կազմել է 13%, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել 3 անգամ։

 

«Աբխազիայի Հանրապետություն ամեն տարի այցելում է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Կառուցվում են նոր հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և այլ զբոսաշրջային ենթակառուցվածքներ»,-ասել են նախարարությունում։

 

Աբխազիան նաև մեկնաբանել է Ուկրաինայի վերջին իրադարձությունները՝ նշելով, որ այնտեղ տեղի է ունեցել «անօրինական զինված հեղաշրջում», որի արդյունքում էլ իշխանության է եկել ներկայիս կառավարությունը։

 

Յացենյուկն այդ հայտարարությունն արել էր մարտի 11-ին՝ Ղրիմի հանրաքվեի մասին խոսելու ընթացքում։

«Հավանաբար ղրիմցիները չգիտեն, թե ինչ տեղի ունեցավ Աբխազիայիում, Օսիայում և Մերձդնեստրում։ Ես տեղեկություններ ունեմ այն մասին, թե ինչպես են այժմ մարդիկ բնակվում Աբխազիայում։ Մարդիկ ո՛չ աշխատավարձ ունեն, ո՛չ աշխատանք, ո՛չ անվտանգություն։ Անգամ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ մոռացել են, թե ինչպիսի տեսք ունեն հանգստացողները»,-ասել էր Ուկրաինայի վարչապետը։