Մոնղոլիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահին
Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ցախիագին Էլբեգդորժին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն է մաղթել Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնել, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշել է, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում:
Մտքեր են փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծել է, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները:










