ՀՅԴ-ն իր ասելիքների ու ձևակերպումների տերն է ու լինելու է. Աղվան Վարդանյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն իր ասելիքների ու ձևակերպումների տերն է ու լինելու է և նկատեց, որ իրենք ոչ միայն պարզապես պահանջելու են Կառավարության հրաժարականը, այլև առաջարկելու են, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ անել։
«Մենք կողմնակից չենք մեկանգամյա քայլերի, մենք կողմնակից ենք առաջարկների, և այս ուղղությամբ լրջորեն աշխատում ենք, որի արդյունքների մասին առաջիկայում հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ իրենք արձանագրել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ. «Ե՛վ ներքին, և՛ արտաքին սոցիալ-տնտեսական բոլոր ձախողումները, բոլոր հետընթացները, հանրության վստահության բացակայությունը պայմանավորված են այս իշխանություններով, այս Կառավարության գործողություններով»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես են պատկերացնում հաջորդ Կառավարությունը առանց ԱԺ-ն ցրելու, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական համակարգ, ԱԺ-ում կա մեծամասնություն, կոալիցիա, հարցի ենթատեքստն այն է, որ ասենք թե այս Կառավարությունը հրաժարական տվեց, նույն այս մեծամասնությունը նշանակեց մեկ այլ Կառավարություն, մեկ այլ վարչապետ, դարձյալ նույն իրավունքը և հնարավորությունը, ի՞նչ է դրանից փոխվելու: Մենք հիմա ինչի՞ վրա ենք աշխատում, ինչո՞ւ ենք ձգձգում այս խնդիրը.. Ոչ միայն պարզապես պահանջելու ենք հրաժարական, այլև առաջարկելու ենք, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ Կառավարությունը՝ նախորդի սխալները նկատի ունենալով, նույն վիճակի չբերի»,- ասաց նա։
«Այս մեծամասնության դեմ թշնամանքից չենք ելնում, մենք ելնում ենք երկրի վիճակից և երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ու աշխատում ենք համաձայնեցնել գործողությունների ծրագիրը, որը մի պարագայում կարող է իշխանությունը ընդունել, մեկ այլ պարագայում՝ չընդունել, բայց մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ իրենք պիտի լրջորեն մտածեն և քննարկեն հետագա քայլերը՝ և՛ հասարակության հետ, և՛ քաղաքական շրջանակների»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու են իրենց ընդդիմության փոխարեն ոչ իշխանական ուժ ներկայացնում, Աղվան Վարդանյանը նշեց. «Եզրույթների, բառերի մեջ.. դուք էլ բոլորդ անխտիր ձեր ԶԼՄ-ներում գրեք ընդդիմադիր 3 ուժերը և այլընտրանքը, դրանից բան չի փոխվում: Դուք հստակ գիտեք ԱԺ այս գումարման առաջին նիստում 3 կուսակցություններ հայտարարել են, որ իրենք ընդդիմություն են, մի խմբակցություն չի հայտարարել է, որ ընդդիմություն է, դրանից ձևակերպվել է այլընտրանք, դրանից էությունը չի փոխվում, դա մեզ համար երկրորդական հարց է: Հանրության մեջ նաև այսպիսի մի բան կա՝ ինչո՞ւ բոլորը գնում են այլընտրանքի հետ հանդիպման, գոնե մենք ձևի խնդիր չունենք, հասկանում ենք, որ հանրության որոշ շրջանակներում դա կարող է խնդիր լինել, բայց ախր հավատացե՛ք, դա իսկապես երկրորդական խնդիր է, ոչ թե կարևոր է, թե որտեղ է կայանում հանդիպումը, այլ՝ թե ով ինչ է ասում և ինչ հիմնավորմամբ: ՀՅԴ-ն իր ասելիքների, իր ձևակերպումների տերն է ու լինելու»,- եզրափակեց նա։










