Ղրիմի իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ Թուրքիայի վրա. թուրքագետ
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը գտնում է, որ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ Թուրքիայի վրա:
«Ղրիմը չի կարող չհետաքրքրել Թուրքիային և չի կարող անդրադարձ չունենալ Թուրքիայի վրա: Ես կարծում եմ, որ Թուրքիան, որը գտնվում է ՆԱՏՕ-ի անվտանգության շրջանակում, և Ռուսաստանը նրա մրցակիցն է տարբեր ասպարեզներում, բնականաբար, շահագրգիռ չի լինի, որ ուժերի հավասարակշռությունը փոխվի»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ մյուս կողմից Թուրքիան հսկայական կապերով կախված է Ռուսաստանից, Թուրքիան հանդիսանում է տարանցիկ միջանցք, որով էներգակիրներն ուղղվում են դեպի Եվրոպա, և ցանկացած փոփոխություն այդ շրջանում ուղղվում է Թուրքիայի դեմ: «Բայց մենք գիտենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհատական զրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ, որը մեկնաբանում են, թե Պուտինը և Էրդողանը փոխհամաձայնության են եկել»,-ներկայացրեց նա:
Դառնալով Ղրիմին՝ բանախոսը նշեց, որ Թուրքիան բավական ակտիվ է Ղրիմի թաթարների հարցում, թուրքական էլիտայից շատերը հայտարարեցին, որ սերում են Ղրիմի թաթարներից, և խոսակցություններ կան, որ Էրդողանի և Պուտինի խոսակցությունից հետո որոշվել է Ղրիմի թաթարներին արտոնություններ տալ:
Ինչ վերաբերում է Ղրիմի թաթարներ և հայեր փոխհարաբերակցության, թուրքագետն ասաց, որ երկուսն էլ նույն ճակատագիրն են ունեցել, թաթարների մտավախությունը կիսում են նաև հայերը: Եվ ինքը մտավախություն չի տեսնում, որ թաթարների ակտիվացմամբ հայերին ինչ-որ վտանգ կարող է սպառնալ:
Ըստ նրա՝ թաթարների պաշտոնական տեսակետն արտահայտում է մեջլիսը, և նրանք հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեին, որովհետև գտնում են, որ ռազմական այդ իրավիճակում հնարավոր չէ անցկացնել նմանատիպ հանրաքվե: «Այլ բան է, որ նրանք կողմնակից են, որ Ղրիմը մնա ինքնավար, բայց մաս կազմի Ուկրաինային: Իսկ հայերի՝ Ռուսաստանին միանալու դիրքորոշումը չեմ կարող բացատրել, ես չեմ համարում, որ նման պայմաններում անցկացված հանրաքվեն օբյեկտիվ արդյունքներ կտա»,-եզրափակեց նա:










