Գորբաչովը կոչ է արել կանխել Ղրիմի պատճառով «սառը պատերազմը»
Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի, ինչպես նաև Ղրիմի շուրջ իրադարձությունների պատճառները ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը տեսնում է ԽՍՀՄ-ի փլուզման մեջ, հաղորդում է Interfax.ru-ն:
«Նեզավիսիմայա գազետա»-ի նախկին գլխավոր խմբագիր Վիտալի Տրետյակովին ուղղված նամակում ԽՍՀՄ նախկին նախագահը, անդրադառնալով ներկայիս իրադարձությունների պատճառներին, հայտարարել է. «Ես այն տեսնում եմ Խորհրդային միության չմտածված, ավանտյուրիստական քանդման մեջ»:
Գորբաչովն ընդգծել է, որ «պայքարել է միասնական պետության պահպանման համար բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով»:
Նա նշել է, որ ժամանակին զգուշացրել է ռուսական ղեկավարությանը կործանարար գործողությունների վտանգների մասին, սակայն, ցավոք, իր զգուշացումներին չեն լսել:
«Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհուրդը ծափահարությունների ներքո հավանություն տվեց Խորհրդային միության կազմաքանդմանը՝ ոչ մի բառ չհիշատակելով Ղրիմի և Սևաստոպոլի մասին»,- ասել է նա:
Գորբաչովի կարծիքով՝ «կարևորը վտանգավոր սրացումը դադարեցնելն է, որոշում գտնելը, որը հավանության կարժանանա Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիների կողմից և կկանխի նոր սառը պատերազմը»:
«Այժմ Ռուսաստանի նախագահը գրեթե ամեն օր շփվում է այլ պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ Ձեր հիշատակած տիկին Մերկելի (Գերմանիայի կանցլեր-Tert.am): Ակտիվ դիվանագիտական կապեր են տեղի ունենում, և ես չէի ցանկանա դրանց միջամտել»,- ասել է Գորբաչովը:










