Այսօր Մոսկվայում կայացել է Հր. Հարությունյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու դատական նիստը
Մոսկվայի քաղաքային դատարանում այսօր կայացել է ՌԴ Պոդոլսկ շրջանում 2013-ի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի համար մեղավոր ճանաչված Հրաչյա Հարությունյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքարկման հարցով դատական նիստը: Հրաչյա Հարությունյանը ցանկություն է հայտնել, որպեսզի քրեական գործի դատաքննությունն ընթանա արագացված տեմպերով, իսկ իր կալանքի հարցը թողել է դատարանի որոշմանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ «ԿամԱզ» մակնիշի մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Պոդոլսկ շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի համար, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել։
Փորձաքննության համաձայն՝ նա խախտել է երթևեկության կանոնները։ Նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում: Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը, իսկ նրա պաշտպանը ասել էր.«Ցանկանալով խուսափել խաչմերուկի վրա դիմացից արգելակող և կանգնած մեքենաների հետ բախումից և, որպես հետևանք, բազմաթիվ զոհերից՝ վարորդը սխալ որոշում է կայացրել՝ դուրս գալ հանդիպակաց երթևեկության գոտի, որն ազատ է եղել։ Հարությունյանը նշել է, որ ավտոմեքենան չի արձագանքել արգելակման ոտնակի սեղմմանը»:
Հրաչյա Հարությունյանի պաշտպանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգելը կարող է օրինական լինել, եթե մինչ այդ նա կալանքի տակ է գտնվել օրինական հիմքերով:
Պաշտպանական կողմը նշել է, որ Հրաչյա Հարությունյանի կալանքը մինչև 8 ամսով երկարաձգելու որոշումը կայացրել է Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինան, մինչդեռ հանցագործությունը, որը մեղսագրվում է Հրաչյա Հարությունյանին, միջին ծանրության է:
« Ինչը նշանակում է, որ 6 ամսից ավելի կալանքի ժամկետը կարող է տրվել միմիայն Մոսկվայի քաղաքային դատարանի, այլ ոչ թե՝ շրջանային դատարանի կողմից»,-նշեց պաշտպանը: Հետևաբար, ըստ նրա, Հրաչյա Հարությունյանը կալանքի տակ պահվել է անօրինական՝ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պակտի 9-րդ կետի խախտմամբ:
Այսինքն՝ ըստ փաստաբանի՝ է Տվերի դատարանի կողմից ոչ օրինական կալանքը երկարաձգելն ինքնին օրինական չէ:
Այսուհանդերձ, Մոսկվայի քաղաքային դատարանը ևս որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանի կալանքը մինչև 2014 թ. ապրիլի 14 -ը երկարաձգելու մասին:










