Եկան դմբդմբացրին, գնացին. Հայկ Գևորգյանը` «ՀԺ»-ի մոտ անցկացված «ցույցի» մասին
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց այսօր բողոքի ցույց են արել անհայտ անձինք, ովքեր չեն էլ իմացել «Հայկական ժամանակ»-ի տեղը, թեքվել են դեպի Պարոնյան փողոց, նոր ինչ-որ մեկի հուշումից հետո հետ վերադարձել դեպի «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն: Tert.am–ի հետ զրույցում պատմեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ այդ երիտասարդների հետ էին նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողները:
«Եկան դմբդմբացրին, գնացին, մենք էլ՝ ահագին զվարճացանք»,- ասաց լրագրողը:
Հայկ Գևորգյանը նշեց, որ կարող է միայն ենթադրություններ անել, թե ո՞ր կամ ո՞ր հոդվածները կարող էին նման ակցիայից պատճառ դառնալ:
Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» -ը՝ անհայտ երիտասարդները խմբագրության մոտ վանկարկել են՝ «Դհոլ, դհոլ, դհոլ»:
Armtimes.com-ի («ՀԺ»–ի կայքն է) հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակցիա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասել է, որ չգիտի և իրավասու չէ պատասխանել:










