Սև ու թունավոր. Հրազդան գետի խնդիրները. բնապահպաններն ահազանգում են, նախարարությունը՝ հերքում
Արաքս գետի ձախ վտակը համարվող Հրազդան գետի գույնը վերջին օրերին գորշացել է՝ դառնալով գրեթե մուգ սև: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը. «Մենք արձանագրել ենք փաստը, որ նման բան կա, պատճառների մասին ոչինչ չգիտենք: Ամեն ինչից էլ կարող է լինել: Գետից նաև շատ վատ հոտ էր գալիս»:
Բնապահպանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, Հրազդան գետն ամենաաղտոտված գետերից մեկն է:
Նշենք, որ Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով,Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանի համոզմամբ՝ գետի նման գույնը «Երևան ՀԷԿ»-ի ջրամբարի հետևանքով է առաջացել: «Ջրամբարի տակ տիղմ էր կուտակված, դա մաքրել և ջուրը բաց են թողել գետը»,- ասաց նա:
Թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում գետի նման տեսքը, նա դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ եթե այդ արտանետումներում թունավոր նյութեր չլինեն, ուրեմն ջրի գույնն իրենից առանձնապես վտանգ չի ներկայացնում:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելին Ղուկասյանի հետ, ով ասաց, որ իրենք Հրազդան գետն ամբողջությամբ չեն ուսումնասիրել, բայց այս տարվա փետրվարին գրանցված ձկների անկման դեպքից հետո իրենց ձկնաբանները նմուշներ են վերցրել գետից, որից պարզ երևում էր, որ գետում թունանյութ է թափվել:
«Ձկների մասսայական անկում էր գրանցվել Հրազդանի կիրճում, նման մի դեպք էլ եղել է նախորդ տարվա դեկտեմբերին: Պատճառը թունավորումն է, բայց աղբյուրը որն է, ինչ է՝ չենք կարող ասել»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց, թե չի կարծում, որ ՀԷԿ-ի ջրամբարները կարող էին թունանյութ արտանետել, բայց աղտոտվածության մասով չբացառեց ՀԷԿ-ի հանգամանքը:
Իսկ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը գետի գույնի փոփոխման փաստն այսպես մեկնաբանեց. «Վարարումների շրջան է, և ամեն տարի այս եղանակին նման բան լինում է: Գետն ավելի շատ պղտոր է, քան սև, իսկ դրա պատճառը վարարումն է»:
Վերջինս նաև վստահեցրեց, որ Հրազդան գետի վրա թունավոր արտանետումներ բաց թողնող գործարան չկա:
Ինչ վերաբերում է ձկների անկմանը, նախարարության մամուլի խոսնակն ավելացրեց. «Մենք ստացել են սննդամթերքի անվտանգության պետական տեսչության փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն ձկների անկումը թունավորման հետևանք չէ»:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, թե ջրի նման գույնը տարբեր պատճառներից կարող է առաջացած լինել: «Եթե Հրազդանի կիրճի հատվածում է, դա կարող է նաև կոյուղաջրերից լինել»,- ասաց նա:










