Ճապոնիան մտադիր է իր պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ

11:43 • 14.03.14

Ճապոնիայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը, դրանք կարող են սահմանվել Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման համար, հայտնում է HTB-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան ճապոնացի պաշտոնյայի:

 

Անհայտ պաշտոնյան ասել է, որ Տոկիոն մի շարք միջոցառումներ է նախատեսում Մոսկվայի դեմ՝ այն դեպքում, եթե որոշվի պատժամիջոցներ սահմանել: 

 

Ըստ ճապոնական կողմի՝ նախատեսվող միջոցառումներն ըստ ամենայնի նման կլինեն այն քայլերին, որոնք պատրաստ են կատարել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն:

 

Նշվում է, որ Ճապոնիայում մտադիր են շատ մանրամասն քննարկել պատժամիջոցները, քանի որ դրանք կարող են վտանգել վիճելի տարածքների հարցով Ճապոնիա-Ռուսաստան բանակցությունները:

 

Այս շաբաթ ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում կհետևի մյուս երկրների գործողություններին և կգործի ըստ այդմ:

 

Նախօրեին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել Ղրիմի հարցով, որում զուսպ ձևով նաև պատժամիջոցների մասին է խոսվում: