Հրապարակվել է Lenta.ru-ի նոր խմբագրի՝ աշխատակիցների հետ հանդիպման տեսանյութը, որից հետո նրանցից 30-ն ազատման դիմում է գրել
Slon.ru պարբերականը հրապարակել է Lenta.ru լրատվական կայքի աշատակիցների և նոր գլխավոր խմբագիր Ալեքսեյ Գորեսլավսկու առաջին հանդիպման տեսանյութը, որից հետո խմբագրության ավելի քան 30 աշխատակից ազատման դիմում է գրել:
Ինչպես հաղորդում է tvrain.ru-ն՝ զրույցի ժամանակ Գորեսլավսկին, մասնավորապես, դժվարացել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում կառուցել պարբերականի խմբագրական քաղաքականությունը: Նրա խոսքով՝ ինքն իր նշանակման մասին իմացել է հանդիպումից երկու ժամ առաջ միայն: Միաժամանակ՝ Գորեսլավսկին նշել է, որ շատ է ցանկանում, որ Lenta-ի թողարկման գործառույթը շարունակվի:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Афиша-Рамблер-SUP հոլդինգի սեփականատեր Ալեքսանդր Մամուտը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել Lenta.ru-ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին՝ նրա պաշտոնում նշանակելով Ալեքսեյ Գորեսլավսկուն:
Այդ հայտարարությանը հետևել էր լրատվական գործակալության անձնակազմի կողմից հոդվածի հրապարակումը, որում աշխատակիցներն իրենց վերաբերմունքն էին հայտնում կատարվածի մասին:










