«Զվարթնոց» տաճարի և «Զորաց քարերի» տարածքում սրճարաններ տեղադրելու գաղափար կա

22:19 • 14.03.14

Բացի Գառնու տաճարի տարածքում սրճարան տեղադրելու մտադրությունից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» և «Զվարթնոց» տաճարի պատմամշակութային ժառանգությունների տարածքում նմանատիպ սրճարանների տեղադրման գաղափար ևս ունի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

 

«Գառնու տաճարի հետ կապված շուտով կվերջացնենք շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումներն ու լսումները, որից հետո կբարձրացնենք հաջորդ սրճարանների հարցը: Ուզում եմ ընդգծել, որ ներկայացված նախագծերի շրջանակում մենք օրենքի հետ կապված որևէ խնդիր չունենք, բայց ներկայում շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ենք անցկացնում»,-ասաց նա:

 

Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ ըստ տուրօպերատորների՝ սրճարանի տեղադրումը զբոսաշրջության աճ չի ապահովի, սակայն իրենք այլ կարծիքի են:


«Մենք մտածում ենք, որ սրճարանները զբոսաշրջության աճ կապահովեն, ինչպես նաև՝ տնտեսական աճ և հավելյալ եկամուտներ, որոնք կուղղվեն նույն տարածքի բարեկարգման աշխատանքներին»,-ասաց նա:

 

Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ հանդիպումներ են ունենում տուրօպերատորների հետ առանձին զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև՝ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ և մի քանի օրից կամփոփեն արդյունքները:


Վլադիմիր Պողոսյան հավելեց, որ սրճարաններն ընդամենը տեղադրվելու են, չեն կառուցվելու, այսինքն՝ տարածքում շինաշխատանքներ չեն իրականացվելու: Եթե ապամոնտաժելու անհրաժեշտություն առաջանա, ապա դա կարվի ընդամենը 30 րոպեում: