Ռուսաստանի մեկուսացում. Ամերիկան ՄԱԿ է ներկայացրել Ղրիմի հարցով իր բանաձևի նախագիծը

12:58 • 14.03.14

ԱՄՆ-ն մարտի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որն աջակցելու է Ուկրաինայի ամբողջականությանը և չի ճանաչելու Ղրիմի հանրաքվեն: Այդ մասին Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:

 

Նախագծի հիմնական կետերն են՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանն աջակցությունը, առանց Ուկրաինայի իշխանությունների համաձայնության անցկացվող Ղրիմի հանրաքվեի անօրինականության հաստատումը և կոչ աշխարհին՝ չճանաչել դրա արդյունքները:

 

Բանաձևի նախագիծը «ոչ խաղաղ ճանապարհով ընթացող Ռուսաստանի մեկուսացման մակարդակի մասին վկայելու» նպատակ ունի:

 

Սամանթա Փաուերը հուսով է, որ Ռուսաստանը լսել է Անվտանգության խորհրդի 14 անդամների ձայները, որոնք աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

 

Նախագիծը պետք է քվեարկության դրվի մինչև մարտի 16-ին նշանակված Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին հանրաքվեի անցկացումը: