ՌԴ-ն հիշեցրել է Ուկրաինայում «մարդկանց պաշտպանելու» վճռականության մասին

16:59 • 14.03.14

Ռուսաստանը հինգշաբթի երեկոյան Դոնեցկում Մոսկվայի և Կիևի աջակիցների միջև տեղի ունեցած բախումներն ապացույց է անվանել առ այն, որ ուկրաինական իշխանություններն անկարող են վերահսկել իրավիճակը երկրում և կրկնել է, որ իրեն իրավասու է համարում Ուկրաինայի մարդկանց վերցնել պաշտպանության տակ, հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Կիևում իշխանության եկածները պետք է զինաթափեն գրոհայիններին, ապահովեն բնակչության անվտանգությունը և հանրահավաքներ անցկացնելու մարդկանց օրինական իրավունքը: Ցավոք, ինչպես ցույց են տալիս իրադարձություններն Ուկրաինայում, դա տեղի չի ունենում, կիևյան իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը երկրում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որտեղ բախումների հրահրողներ են անվանվել «աջ արմատական խմբավորումները»:

 

«Ռուսաստանը գիտակցում է Ուկրաինայում իր հայրենակիցների և իր երկրի քաղաքացիների կյանքի համար պատասխանատվությունը և իրեն իրավունք է վերապահում մարդկանց առնել պաշտպանության տակ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել: Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել էր բախումների չորս կազմակերպիչների ձերբակալության մասին: