Ռուս մտավորականները բաց նամակ են ստորագրել՝ ընդդեմ պատերազմի

15:48 • 14.03.14

Ռուսաստանի Դաշնության մոտ 90 մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ ու քաղաքագետներ բաց նամակ են ստորագրել՝ «Ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման, ամբողջատիրության վերականգնման» խորագրով մտավորականության կոնգրես անցկացնելու վերաբերյալ։

 

Բաց նամակը հրապարակվել է երեկ՝ «Новая газета»-ում։

 

Հրապարակման պահին այն ստորագրել էր 90 մարդ. մասնավորապես գրողներ և բանաստեղծներ Դմիտրի Բիկովը, Վիկտոր Երոֆեևը, Լյուդմիլա Ուլիցկայան, Վլադիմիր Վոյնովիչը, Սերգեյ Գանդլևսկին, Ալքեսանդր Իլիչևսկին, Անդրեյ Բիտովը, Իգոր Իրտենևը, Վիկտոր Շենդերովիչը, Օլգա Իլնիցկայան, դերասաններ Միխայիլ Եֆրեմովը, Լիա Ախեջակովան, Ալեքսեյ Դևոտչենկոն, Լև Պրիգունովը, ռեժիսորներ Էլդար Ռյազանովը, Անդրեյ Սմիրնովը, Պավել Բարդինը, Վլադիմիր Միրզոևը, Վալերի Խարչենկոն, Վալերի Լոնսկոյը, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը և այլք։

 

«Մտավորականության տեսակետը չի համընկնում այն քաղաքականության հետ, որը վարում են իշխանությունները ստեղծված իրավիճակում, և այդ տեսակետը պետք է հստակ արտահայտվի։ Դրա համար անհրաժեշտ է արդեն առաջիկա օրերին ռուսական մտավորականության կոնգրես անցկացնել։ Այնտեղ մենք կքննարկենք իրադրությունն ու կարտահայտենք մեր տեսակետն ու կփորձենք ելք գտնել իրավիճակից»,- գրել են նամակի հեղինակները։

 

Ուկրաինա զորք մտցնելու հնարավորությունն ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ մարտի 1-ին Դաշնային խորհուրդը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանի միջամտությունը կարող է հնարավոր լինել Ղրիմի ռուսալեզու բնակչությանը սպառնացող վտանգի դեպքում։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ դեռևս դրա անհրաժեշտությունը չկա։


Փետրվարին Ղրիմի իշխանությունները հրաժարվել էին ճանաչել Կիևի նոր իշխանություններին։ Իսկ մարտի 16-ին նշանակված է հանրաքվե, որի արդյունքներով Ղրիմը կարող է Ռուսաստանի մաս դառնալ։

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությանը մեկ այլ նամակով աջակցություն էին հայտնել շուրջ 400 մտավորականներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայեր։