Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Սիրիան է. Լրագրողների պաշտպանության կոմիտե
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն աշխարհում Սիրիան է։ Այդ մասին հայտնել է Լրագրողների պաշտպանության միջազգային ոչ կառավարական կոմիտեն, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։
Կոմիտեի տվյալներով՝ ընդհանուր առմամբ սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 65 լրագրող։ ԶԼՄ-ների ավելի քան 80 աշխատակից առևանգվել է, ընդ որում՝ նրանցից մոտ 30-ը դեռ չի հայտնաբերվել։
Սովորաբար կոմիտեն լրագրողների համար ամենավտանգավոր երկրների ցուցակը հրապարակում է դեկտեմբերի վերջին, սակայն ներկայիս հայտարարությունը պատահական չէ տարածվել։ 3 տարի առաջ՝ 2011թ. մարտին, սկսվեց Սիրիայի ճգնաժամը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն, որի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում, լրագրողների մահվան մասին նյութեր է հավաքում 1992-ից։ Այդ ժամանակից ի վեր աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների ավելի քան 1.000 աշխատակից։
2013թ. Սիրիայում ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվել է 28 թղթակից։ Երկրորդ տեղում է Իրաքը, երրորդում՝ Եգիպտոսը։










