ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը

10:10 • 14.03.14

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել մերժել Ուկրաինայի նոր իշխանություններին ռազմական օգնություն տրամադրելու հարցում, գրում է Взгляд-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

 

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Կիևը Վաշինգտոնին խնդրել էր օգնություն ցուցաբերել ուկրաինական զինված ուժերին, մասնավորապես՝ տրամադրել զենք-զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ, ավիացիոն վառելիք և գիշերային տեսողության սարքեր: Բացի այդ, Ուկրաինան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն կիսվեր հետախուզական տեղեկություններով:

 

Պենտագոնը մերժել է այդ խնդրանքը։
«Ներկայում մենք չենք դիտարկում ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Մենք ուկրաինացիներին հասկացրել ենք, որ նրանք պետք է ակնկալեն տնտեսական օգնություն»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը Wall Street Journal-ին՝ չբացառելով, որ ապագայում հնարավոր է ռազմական օգնության տրամադրում։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Րիդը որոշել է առնվազն մինչև մարտի վերջ հետաձգել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին օրինագծի քվեարկությունը:

 

Դրա պատճառն օրենքի նախագծի տարբեր դրույթների շուրջ տարաձայնություններն են եղել: