ԱՄՆ-ում երիտասարդն ազգային զբոսայգում 2.89 կարատանոց ադամանդ է գտել
ԱՄՆ Լուիզիանա նահանգի 20-ամյա բնակիչ Բրենդոն Կալենդան Արկանզաս նահանգի ազգային պուրակում գտել է 2.89 կարատանոց սպիտակ ադամանդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Ադամանդների խառնարան» այգու առանձնահատկությունն այն է, որ թանկարժեք քարեր այնտեղ կարող է գտնել յուրաքանչյուրը։ Ընդ որում՝ այցելուներն իրավունք ունեն իրենց հայտնաբերած քարերը տանել իրենց հետ։ Մուտքի տոմսն արժե 8 դոլար՝ մեծահասակների, 5 դոլար՝ երեխաների համար։
Կալենդան գտել է թանկարժեք քարն այգի մտնելուց ընդամենը 20 րոպե անց։ «Ես մտածեցի, թե դա ապակու կտոր է, սակայն ամեն դեպքում ցույց տվեցի այգու աշխատակիցներին։ Նրանք անմիջապես գլխի ընկան, որ դա ադամանդ է, և ինձ հատուկ տարա տվեցին քարի համար»,- պատմել է երիատասարդը։
Նա քարն անվանել է Ջեքս՝ ի պատիվ իր որդու՝ Ջեքսոնի։ Քարը գնահատվում է մոտավորապես 20.000 դոլար, սակայն Կալենդան դեռ չի պատրաստվում վաճառել այն։ «Կարծում եմ՝ քարից գեղեցիկ մատանի կստացվի»,- նշել է երջանիկ երիտասարդը։










