ՈԴ քաղաքացիության մասին նոր օրենքը զտելու է «լավերին», իսկ Հայաստանում մնալու են անճարները. կարծիքներ
Իրականում «Հայաստանն առանց հայերի» ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ հայ իշխանավորների ձեռքով, և որևէ երկրի չենք կարող մեղադրել, որ ընդունում են օրենքներ, որոնք էլ ավելի կնպաստեն Հայաստանից արտագաղթի խթանմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ անդրադառնալով ՌԴ կառավարության՝ Պետական դումա ներկայացված նոր օրինագիծին, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։
Ըստ գյումրեցի հասարակական գործչի՝ իրականում այս օրենքի նախագիծը այնքան վնաս չի պատճառի, որովհետև իր հայրենի Գյումրիի, օրինակ, արդեն դատարկվել է, այստեղ մնացել են «ամենաանճարները» և մի քանի մեծահարուստներ, որոնք ըստ նրա՝ մտածում են, թե ինչպես անեն իրենց ունեցվածքը վաճառեն, հեռանան:
«Մեծ հաշվով, չեմ կարծում, որ ավելի արագ դատարկվի, որովհետև դատարկ տեղից չեն դատարկվում: Գյումրին, լինելով երկրաշարժից տուժած ու իր բնակֆոնդն ու տնտեսությունը կորցրած քաղաք, ինքը դատարկվել է բոլոր հնարավոր ձևերով: Եվ վստահ եմ, որ «Հայրենակից» ծրագրով այդ բոլոր տվյալները կան և Հայաստանի իշխանությունները այդ տվյալները թաքցնում են, իրենք տարել են, հիմնականում, միջին խավին՝ որոշակի պահանջներ ներկայացնելով՝ ռուսերենի իմացություն, և այլն, և այլն: Բնականաբար, կան պահանջներ, որոնք չեն գրվում՝ չդատվածություն, որոշակի հիվանդություններ, բարձագույն կրթություն և այլն: Հետո իրենք երիտասարդ ընտանիք լինելու հանգամանքն են հաշվի առնում»,- ասաց Վահան Թումասյանը:
Եթե «Հայրենակից» ծրագրով ՌԴ ում բնակության ավելի երկար «ցենզ» էր դրված, ապա, հիմա ՌԴ քաղաքացիություն ստանալու համար շատ ավելի քիչ բնակության ցենզ է պահանջվում՝ ընդամենը երեք ամսվա: Վահան Թումասյանը միայն հավելեց, որ ՌԴ-ն ինքն էլ դեմոգրաֆիկ խնդիր ունի, ինչպես նաև իր անծայրածիր տարածքները բնակեցնելու խնդիր:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ այն կարծիքին է, որ այս օրինագիծը, եթե այս տեսքով ուժի մեջ մտնի, ապա ոչ միայն ավելի է խորացնելու Հայաստանի դեմոգրաֆիկ աղետը, այլև այն «ֆիլտրելու» է կենսունակ, աշխատունակ, կրթված, զարգացած հատվածին, որ դեռ ապրում է Հայաստանում։
«Վստահ չե՞ք, որ այդ ընտրության հանձնաժողովը ընտրելու է նրանց՝ գեղեցիկին, ուժեղին, մասնագիտական որակավորում ունեցողին, իսկ մնացած մասին հետ են տալու՝ նարկոմանին, անպետքին, քրեականին: Եվ սա աղետի երկրորդ փուլ է կամ՝ աստիճան: Եվ իրենք բոլոր հետախուզական տվյալները կարող են ունենալ Հայաստանում ազգաբնակչության վերաբերյալ»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ սա ահավոր բան է, որ դիմացն առնելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի:
Նշենք, որ «Հայրենակիցներ» ծրագրի գործարկման հետևանքով Հայաստանում արդեն նկատվում էր՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու միտում: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում թոշակառուն ստանում է 600-700 ԱՄՆ դոլարին հավասար բազային կենսաթոշակ:
Լևոն Շիրինյանի բանաձևմամբ՝ սա «անհատական իմաստով, միգուցե, երջանկության ճամփա է լինելու, ազգային իմաստով՝ ազգային ողբերգություն և պետականության կործանման ճանապարհ»:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե պետք է լինի ՀՀ քաղաքացիներին օտար երկրներում քաղաքացիություն ստանալու ճանապարհին արգելքներ դնելը, դա բարդացնելը, այլ երկրի ներսում մնալու, արտագաղթը կասեցնելու համար պայմանները լավացնելը:
«Գոնե մեզ համար խնդիրը դա պետք է լինի, ենթադրենք դժվարացնենք կամ պարզեցնենք, ի՞նչ կտա: Պայմաններ ստեղծենք, որ քաղաքացին իր օրվա հացը ստեղ ստեղծի, սա՛ է հարցը»,-հայտարարեց Խոսրով Հարությունյանը:
Ի պատասխան հարցադրման, որ նման բան ասելով Խոսրով Հարությունյանը խոստովանում է, որ, ուրեմն, այդ պայմանները չեն ստեղծվում, վերջինս ասաց. «Մենք բոլորս էլ ասում ենք, որ արտագաղթ կա, և այո՛, կարող ենք ասել, որ մենք ակնառու հաջողություններ չունենք, թեև ոնց որ թե անցյալ տարվա ու էս տարվա մեկնողների բալանսը մի քիչ նվազել է, բայց չեմ կարծում, որ դա շատ կարևոր ձեռքբերում է»։
Խոսրով Հարությունյանը հավելեց, որ Հայաստանի նման երկրում անգամ 5000 մարդու արտագաղթը լուրջ մարտահրավեր է:










