Մալայզիական Boeing-777 ինքնաթիռն առևանգվել է. քննիչներ (լուսանկարներ)
Մալայզիացի քննիչները կանգ են առել այն վարկածի վրա, որ ուղիղ 1 շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռն առևանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից, տեղեկացնում է Взгляд-ը։
Associated Press-ի աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգման վարկածն այժմ գլխավորն է, քանի որ «շատ համոզիչ է»։ Նախօրեին հաղորդվում էր, որ ռազմական ռադարների տվյալների համաձայն՝ անհետացած Boeing-ը միտումնավոր փոխել է իր ուղղությունն ու թռել դեպի Անդամանյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)։
Газета-ն, վկայակոչելով անանուն աղբյուրի, նշում է, որ ինքնաթիռի առևանգումը կարող էր իրականացնել միայն բարձր որակավորում ունեցող ու կոմպետենտ օդաչուն։
Հիշեցնենք, որ անհետացումից հետո հեռահաղորդակցային արբանյակներին հաջողվել է ինքնաթիռից ստանալ շատ թույլ էլեկտրոնային ազդակներ, սակայն դրա բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։
Մալայզիայի մայրաքաղաքից դեպի Պեկին մեկնող 227 ուղևորով և 12 հոգանոց անձնակազմով ինքնաթիռն անհետացել է անցյալ շաբաթ օրը՝ Վիետնամի օդային տարածքում։ Մալայզիայի, Վիետնամի, Չինաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են Boeing-777-ի որոնումը, սակայն՝ ապարդյուն։

















