Մալայզիան դադարեցնում է անհետացած Boeing-ի որոնումները Հարավչինական ծովում
Մալայզիան դադարեցնում է անհետացած Boeing-777-200 ինքնաթիռի որոնումը Հարավչինական ծովում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով՝ այդ մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը։
«Ինքնաթիռի գտնվելու վայրը կարող է լինել երկու միջանցքներից մեկում՝ Ղազախստանի և Թուրքմենստանի սահմանից մինչև Թաիլանդի հյուսիս, նաև՝ Ինդոնեզիայի հարավից մինչև Հնդկական օվկիանոսի հարավ»,-ասել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ այդ պատճառով Մալայզիան դադարեցնում է ինքնաթիռի որոնումը Հարավչինական ծովում։
Նրա խոսքով՝ «ինչ-որ մեկը կարող էր միտումնավոր անջատել ինքնաթիռի կապի միջոցներն ու ստիպել փոխել ուղղությունը»։
«Սակայն մենք շարունակում ենք դիտարկել տեղի ունեցածի բոլոր հնարավոր պատճառները»,- հավելել է վարչապետը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մալայզիացի քննիչները կանգ են առել այն վարկածի վրա, որ ուղիղ 1 շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռն առևանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից։










