Միշտ համակրել եմ կանանց, աղջիկներին…բայց կարող ենք համակրել և կառուցողական հարցերի շուրջը համախմբումը. ՀՀԿ-ական պատգամավոր
Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով քաղաքագետ Լևոն Շիրինյանի տեսակետին, թե իշխանության կողմից «հրաշալի քառյակի» նկատմամբ համակրանք կա, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես միշտ համակրել եմ աղջիկներին, կանանց, բայց եթե մի քիչ ավելի լուրջ խոսենք, ապա միայն ուրախ կլինեմ, որ այդ ուժերը կարողանան լուրջ գաղափարների, կառուցողական հարցերի շուրջ համախմբվել: Այդ առումով, իհա՛րկե, կարող ենք և՛ աջակցել, և՛ համակրել»:
ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց. «Այսօր մեզ համախմբվելը, առողջ բանակցելն ու դատելն է պակասում»:
Պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմություն լինելը միայն սևացնելը չէ:
«Պետք է հասկանալ, որ ամեն գնով իշխանություններին քարկոծելը սկզբունք և գործելաոճ չէ, պետք է հասկանալ, որ առողջ, կառուցողական քննադատության մեջ մտնում է նաև կատարած գործը մատնանշելը, առանց վարանելու՝ կատարողի կողքին կանգնելը, պետք է հասկանալ, որ իշխանությունները չպետք է ամեն գնով պաշտպանվեն ընդդիմությունից՝ նրանց քննադատություններին հակադարձելու միջոցով»,-ասաց Հովհաննես Սահակյանը:










