Ավելի քան 130.000 զոհ, միլիոնավոր փախստականներ, հսկայական ավերածություններ...Լրանում է Սիրիայի պատերազմի 3 տարին (լուսանկարներ)

09:00 • 15.03.14

Թունիսում, Եգիպտոսում, Եմենում և Լիբիայում հեղափոխությամբ ավարտված «Արաբական գարունն» արդեն երեք տարի է շարունակվում է Սիրիայում, սակայն հակակառավարական ուժերին չի հաջողվել տապալել նախագահ Բաշար ալ Ասադին։

Սիրիայում շարունակվող պատերազմն աղետալի չափերի է հասել, և դրանց վերացման համար տասնյակ տարիներ և միլիարդավոր դոլարներ են ահրաժեշտ:

Սիրիայում պատերազմի վերաճած հակակառավարական առաջին ցույցերը տեղի ունեցան Դարաա քաղաքում՝ մարտի 15-ին՝ «ազատություն» կարգախոսով. օրեր անց հաղորդվեցին առաջին 70 զոհերի մասին:

Այժմ արդեն ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում պատերազմի ընթացքում ավելի քան 130 հազար մարդ է զոհվել: Հարյուր հազարավոր մարդիկ անտուն են մնացել, միլիոնավորներն ապաստան գտել հարևան երկրներում` Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում:

Սիրիային պատուհասած աղետից անմասն չմնաց նաև մայր գաղութ համարվող սիրիահայ համայնքը: Պատերազմի հետևանքով, ըստ հրապարակված տվյալների, զոհվել է 70-ից ավելի սիրիահայ: Վիրավորների թիվն անցել է 180-ը, առևանգվել է 110-ից ավելի հայ:

 

Սիրիահայ համայնքն էլ, սիրիացի ժողովրդի պես, նյութական և հոգեկան ծանր դրության մեջ է հայտնվել։ Հատկապես Հալեպում էլեկտրաէներգիայի մշտական խափանումների, բջջային և քաղաքային հեռախոսակապի վատ աշխատանքի (հաճախ օրերով չաշխատելու), համացանցի անջատումների պատճառով մարդիկ հաճախ երկար ժամանակով կտրվում են արտաքին աշխարհից։

Աննախադեպ գնաճը, հացի, սննդամթերքի, դեղորայքի բացակայությունը՝ համատարած գործազրկության պայմաններում, դժվարացնում են ապրուստի տարրական միջոցների հայթայթումը։

 

Ռմբակոծությունների, հրթիռակոծություների և կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել համայնքին պատկանող բազմաթիվ շինություններ, եկեղեցիներ: Ամբողջությամբ հրկիզվել է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, վնասվել են Հոմսի Սուրբ Մեսրոպ, Յագուպիեյի Սուրբ Զվարթնոց, Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց, Դամասկոսի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցիները, Հալեպի հայ կաթողիկե Ավետման եկեղեցին և համալիրը, Ռաքքայի կաթողիկե Նահատակաց եկեղեցին, Դամասկոսի հայ կաթողիկե առաջնորդարանը։

 

Ռմբակոծությունների պատճառով վնասվել և կողոպտվել է Հալեպի հայկական ծերանոցը, տուժել  են Ազգային պատսպարանի (մանկատուն) հին և նոր շենքերը, Գյուլբենկյան հիվանդանոց-ծննդատունը, մանկապարտեզներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ:

 Օրեր առաջ ռմբակոծության հետևանքով էապես վնասվել էր Կարեն Եփփե ազգային ճեմարանի շենքը։

Չնայած դժվարին պայմաններին՝ համայնքային կյանքը Սիրիայում շարունակվում է: Գործում են դպրոցներն ու մանկապարտեզները, կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:

Հայ համայնքը թե՛ իր հոգևոր, թե՛ ազգային-միութենական կառույցներով փորձում է դիմակայել դժվարություններին և հնարավորինս կանգուն պահել  գաղութը։

 

Սիրիայում բախումները կառավարական զորքի, զինյալ ընդդիմության ու նաև ահաբեկչական տարբեր խմբավորումների միջև շարունակվում են:

 

Սիրիական հակամարտության հանգուցալուծումն, ամենայն հավանականությամբ, դեռ մոտ չէ: Վերջերս ավարտված «Ժնև-2» համաժողովը՝ նվիրված սիրիական ճգնաժամի հաղթահարմանը, չնայած սկզբում գրանցած աննշան առաջընթացին, ավարտվեց առանց որևէ արդյունքի: