«Գինի լից» միջոցառումը` նվիրված հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանին (լուսանկարներ)
Ազգային երգեր, պարեր, շնորհավորանքներ ու կենացներ. երեք տարի շարունակ մարտի 15-ին, ժամը՝ 15.15-ին, Հյուսիսային պողոտայում կազմակերպվում է «Գինի լից» միջոցառումը` նվիրված հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանի հաղթանակին:
Միջոցառման մեկնարկի հետ երգվում է «Գինի լից» երգը, ապա լցվում են բաժակներն ու ինչպես երգում է ասվում` «Մենք խմում ենք ձեր կենացը, մենք խմում ենք մեր կենացը, մենք խմում ենք Թեհլերյանի կենացը»:
Միջոցառման կազմակերպիչ Արայ Հակոբյանը Tert.am-ին ասաց, որ ամեն տարի ավելանում է միջոցառման մասնակիցների թիվը. «2013-ին միջոցառմանը մասնակցեց մոտ 80 մարդ, այսօր` 120: Ուրախալի է այն, որ անգամ միջոցառմանն անտեղյակ շատ երիտասարդներ տեղում միանում են մեզ, աշխույժ ու եռանդուն սկսում են մեզ հետ հավասար երգել ու պարել: Նշելու ֆիքսված ժամը 10 րոպենն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ տևում է մոտ մեկ ժամ»:
Միջոցառման մասնակից Էլեն Պարսամյանն առաջին անգամ է մասնակցում տոնին. «Միջոցառման մասին տեղեկացել եմ ֆեյսբուքի շնորհիվ ու այսօր ընկերներիս հետ եկել եմ՝ ևս մեկ անգամ հիշելու ու նշելու մեր հաղթանակը: Հպարտանում եմ, երբ տեսնում եմ, որ այսքան երիտասարդներ գիտեն մեր ազգային երգերը»:
«Զվարճալի է, երբ զբոսաշրջիկները զարմացած հայացքներով արագ մի նկարահանող սարք են վերցնում ու հետևում մեզ: Շատերն անգամ միանում ու փորձում են մի կերպ ձայնակցել, մեզ հետ խմում են գինի ու մասնակցում տանախմբությանը»,-պատմում է Ժաննա Պողոսյանը:
Երիտասարդները Հյուսիսային պողոտայից երգով քայլերթ են կազմակերպում դեպի Հանրապետության հրապարակ ու տոնը եզրափակում Հայոց օրհներգով:










