Ղրիմի թաթարների բնակության վայրերում հանրաքվեն խափանվել է. (թարմացվում է)

10:51 • 16.03.14

Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում այսօր՝ մարտի 16-ին անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը՝ երկրի կարգավիճակի հետ կապված։


14.52

—————————————————————————————————————————

Բախչիսարայի շրջանային պետվարչակազմի նախագահ Իլյա Ումերովը նշել է, որ Ղրիմի թաթարների բնակության վայրերում չեն ստեղծվել ընտրական տեղամասեր հանրաքվեի անցկացման համար։

Պաշտոնյան դա բացատրել է նրանով, որ չկան մարդիկ, որոնք կարող են ընտրական հանձնաժողովներ ձևավորել, գրում է Корреспондент-ը։ Ավելի վաղ Ոմերովը Բախչիսարայի բնակիչներին կոչ էր արել չենթարկվել սադրանքներին և չմասնակցել հանրաքվեին։

Աղբյուրը նաև նշում է, որ հանրաքվեին հետևում են ռուսաստանյան տարածաշրջանային ընտրական կոմիտեների 8 ղեկավարներ։


12.12

—————————————————————————————————————————
Ղրիմում ընտրական տեղամասերում քվեաթերթիկներ են տալիս նաև նրանց, ովքեր չկան ցուցակներում, այդ թվում այլ երկրների քաղաքացիների: Այդ մասին իր Facebook-ում գրել է լրագրող Եկատերինա Սերգացկովան, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Նրա խոսքով՝ ինքը, ով Ռուսաստանի քաղաքացի է, ստացել է քվեաթերթիկը հետևյալ խոսքերով՝ «դե քանի որ այստեղ ապրում եք, ուրեմն կարող եք քվեարկել»: Ցուցակները հսկող կինը, չգտնելով լրագրողին ցուցակներում, պարզապես ավելացրել է նրա ազգանունը մեկ այլ ցուցակում:

Մեկ այլ ականատեսի խոսքերով՝ շատերը չկան ցուցակում, սակայն դա խնդիր չի առաջացնում, տեղում պատճենահանում են անձնագիրը և մտցնում հավելյալ ցուցակներում:

korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հանրաքվեի ընթացքում քարոզարշավի արգելքի մասին օրենքները չեն պահպանվում. փողոցներում ռուսական դրոշներով մարդիկ են, ովքեր համերգներ են անցկացնում, հրապարակներում տեսահոլովակ են ցուցադրում՝ «Արի՝ քվեարկիր ֆաշիզմի վտանգի դեմ»: Կան շատ պաստառներ՝ Ռուսաստանի օգտին քվեարկելու կոչով:

 

10.51

____________________________________________________________________

Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում այսօր՝ մարտի 16-ին անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը, հաղորդում է korrespondent.net-ը: Խորհրդարանը մարտի 6-ին որոշում էր կայացրել Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին: Պատգամավորները թերակղզու կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակել էին մարտի 16-ին:


Հանրաքվեին դրված է երկու հարց. «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Դուք կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության գործողության վերականգմանը և որպես Ուկրաինայի մաս Ղրիմի կարգավիճակին»: Քվեարկությունը կանցկացվի ժամը 8.00-ից մինչև 20.00-ն։ 

 
Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում այսօրվա հանրաքվեն չի բողոքարկվի, և Ղրիմը կդառնա ՌԴ-ի մաս: Հաղորդվում է, որ ընտրական տեղամասերում ռուսական դրոշներ են տեղադրված:


Ուկրաինայի Սահմանադրական դատարանը մարտի 11-ին հանրաքվեի անցկացման մասին որոշումը ճանաչել է հակասահմանադրական: