Գերմանիայի արտգործնախարար. ԵՄ-ն մարտի 17-ին կարձագանքի Ռուսաստանի գործողություններին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ –Վալտեր Շտայնմայերը խիստ տոնով կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի կոնֆլիկտի վերաբերյալ, հաղորդում է dw.de-ն: «Մենք չենք ցանկացել առերեսում: Բայց եթե Ռուսաստանը չգնա զիջումների վերջին րոպեին, ապա երկուշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մենք համապատասխան պատասխան կտանք», - հայտարարել է գերմանացի նախարարը Welt am Sonntag–ին տված հարցազրույցում:
Շտայնմայերի խոսքերով՝ Ղրիմի ճգնաժամի շուրջ իրավիճակը «պայթյունավտանգ» է: Մինչև այժմ Ռուսաստանը մերժում է կարգավորման բոլոր տարբերակները, հրաժարվում է անել ցանկացած քայլ իրավիճակի սրացումը նվազեցնելու համար, և ակնհայտաբար, դիտավորությամբ այնպիսի գործողություններ է իրականացնում, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել»,- մեջբերել է Գերմանիայի արտգործնախարարի խոսքերը Reuters գործակալությունը:










