Կան բնական պրոցեսներ, գնացողը կգնա, չգնացողը չի գնա. Կոտայքի մարզպետը՝ ՌԴ նոր օրենքի մասին
ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի կարծում, թե կարող է արտագաղթի ալիք բարձրացնել ՌԴ կառավարության՝ Պետական դումա ներկայացված նոր օրինագիծը, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։
«ՌԴ դեսպանը մի քանի օր առաջ շատ մանրամասն բացատրեց, թե ինչ օրենսդրական հնարավորություն կա ՌԴ մուտք գործելու համար։ Կարծում եմ՝ ուժի մեջ եղած օրենքները առանձնապես չէին սահմանափակում Հայաստանից դեպի Ռուսաստան գնացողների մուտքը, և լուրջ ազդեցություն չի կարող լինել, որովհետև մինչ այդ պահն էլ հայերը գործող օրենքներով ազատ մուտք ու ելք ունեին»,- Tert.am-ի հետ զրույցում բացատրեց նա։
Հարցին, թե այդուհանդերձ մտավախություն չկա՞, որ անվերադարձ գնացողների թիվը կմեծանա, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Կան բնական պրոցեսներ, որոնց դեմ խոչընդոտ հարուցել ոչ մեկին չի հաջողվել, գնացողը կգնա, չգնացողը չի գնա»։
Դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ կարծում են, որ այս օրինագծով ՌԴ-ն կընտրի գրագետ խավին, քննությունների միջոցով, իսկ Հայաստանում կմնան միայն «անճարները», Կոտայքի մարզպետը հակադարձեց. «Ռուսաստանին ավելի շատ սևագործ աշխատողներ են պետք, և ռուսները դրա կարիքը խիստ ունենալով՝ առանձնապես խոչընդոտներ չեն հարուցի, հատկապես հայերի նկատմամբ»։
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում սեփական մարզում արտագաղթի տեմպը, այն ա՞ճ է արձանագրում, թե անկում, մարզպետը պատասխանեց. «Բնականաբար մեծացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեր մարզում ևս, քանի որ մեր մարզը արդյունաբերական հենքի վրա էր. քանի որ այսօր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք Խորհրդային տարիներին կային և այսօր չկան, բնականաբար աշխատանք փնտրելու, եկամտի աղբյուր ունենալու համար մեր մարզից ևս արտագնա աշխատանքի մեկնում են»։
Իսկ թե ի՛նչ քայլեր են իրականացվում այն կանխելու համար, 2001թ-ից պաշտոնավարող մարզպետը՝ պատասխանեց. «Բարդ և տարողունակ հարց է, հեռախոսազրույցով չեմ կարող ամբողջացնել հարցի պատասխանը։ Կարևորը աշխատատեղեր ստեղծվեն, դրսից ներդրումների հարցն է, ներդրումներ լինեն, աշխատատեղեր լինեն»։
«Բնականաբար ամեն մեկը կուզի իր երկում, իր մարզում ու իր տանը մնա ու արտագնա աշխատանքի չմեկնի, այնպես չի որ արտագնա աշխատանքի գնալով՝ ամեն ինչ հեշտությամբ է ձեռք բերվում»,-եզրափակեց նա։










