Մասնագետները քննարկում են մալայզիական ինքնաթիռի անհետացման մի քանի հնարավոր սցենարներ
Մալայզիայի ավիաուղիների MH370 չվերթի՝ մեկ շաբաթ տևած որոնողական աշխատանքները շաբաթ օրը նոր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ ինքնաթիռի հաղորդակցական համակարգերն անջատվել են ձեռքով և օդանավը միտումնավոր շեղվել է ուղուց: Այժմ մասնագետները քննարկում են մի քանի հնարավոր սցենարներ, գրում է Business Insider-ը:
Ահաբեկչական հարձակում
Ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության շուրջ հարցը վերադարձել է ուշադրության կենտրոն: Մասնագետների կարծիքով՝ ինքնաթիռը ժամերով առանց նկատվելու վարելու համար անհրաժեշտ կլիներ աննախադեպ մակարդակի նախնական պլանավորում և հմտություն: Դա թերևս հնարավոր կլիներ ցածր մակարդակի վրա թռչելու դեպքում: Այնուամենայնիվ, ահաբեկչական հարձակումը քիչ հավանական է, քանի որ, ըստ մասնագետների, նման խոշոր դեպքի համար կլիներ մեկը, ով պատասխանատվությունը կվերցներ իր վրա:
Օդաչուի ներգրավվածություն
Քանի որ հաղորդվել է, որ հաղորդակցական համակարգն անջատվել է ձեռքով, հնարավոր է դառնում օդաչուի ներգրավվածությունը՝ կամ կանխամտածված, կամ հարկադրված:
Օդաչուի ինքնասպանությունը
Չնայած հազվադեպ, այնուամենայնիվ, դեպքեր են եղել, երբ օդաչուները վթարի են ենթարկել ինքնաթիռները ինքնասպանություն գործելու համար: Այս դեպքում, ինքնաթիռը մեծամասամբ ամբողջությամբ ջրի տակ կմնար, և հետևաբար շատ բեկորներ չէին երևա: Սակայն տեղեկություններ չկան, որ օդաչուները լուրջ հոգեբանական խնդիրներ են ունեցել:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել և թաքցվել է
Բեկորների և տվյալների բացակայությունը որոշներին ստիպել է մտածել, որ ինքնաթիռը կարող էր ապահով կերպով վայրէջք կատարել և թաքցվել որևէ հեռավոր վայրում: Այնուամենայնիվ, ինքնաթիռի մեծ չափերը դա քիչ հավանական են դարձնում: Սակայն, եթե ինքնաթիռը վարողն այնքան հմուտ է եղել, որ խուսափել է ռազմական ռադարներից, ապա կկարողանար նաև ապահով վայրէջք կատարել:
Տեղեկությունը թաքցվում է
Ռադարների կարևոր տվյալները բացահայտելու դանդաղությունը ստիպել է որոշներին մտածել, որ երկրները կարող են ավելին իմանալ ինքնաթիռի գտնվելու վայրի մասին, սակայն չեն ցանկանում կիսել տեղեկությունը որոշ անվտանգության ռիսկի պատճառով: Եթե ինքնաթիռը շարունակել է թռիչքը, ապա անցել է մի քանի երկրների տարածքով, և այդ դեպքում, դժվար է հասկանալ, թե այդքան երկրներ կարող էին այն տեսնել, սակայն թաքցնել դա:










