Այսօր Վենետիկում հանրաքվե է անցկացվում Իտալիայից անջատման մասին
Իտալիայի Վենետո շրջանը, որի մայրաքաղաքը Վենետիկն է, մարտի 16-ին սկսել է Իտալիայի կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեին դրված է հարցը՝ «Աջակցու՞մ եք անկախ, ինքնիշխան, Վենետիկի դաշնային պետության կազմավորումը», հաղորդում է Russia Today-ը:
Հանրաքվեն կտևի հինգ օր՝ մարտի 16-ից մինչև 21-ը, քանի որ հանրաքվեին մասնակցելու են տարբեր քաղաքներ: Շրջանի անկախության աջակից ակտիվիստները դիտարկում են Շոտլանդիայի և Կատալոնիայի օրինակները, որոնք մտադիր են դուրս գալ Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի կազմերից:
Վերջին հարցման համաձայն՝ շրջանում, որի մեջ մտնում են այնպիսի պատմական քաղաքներ, ինչպիսիք են Տրեվիզոն, Վիչենցան և Վերոնան, ընտրողների 65 տոկոսը աջակցում է Հռոմից անջատվելու գաղափարը:
Այս քվեարկությունը պարտադիր չէ իրագործման համար: Միևնույն ժամանակ, հանրաքվեի արդյունքները կարող են լեգիտիմություն հաղորդել առանձնացման աջակիցներին:
Սեպարատիստները պնդում են, որ շրջանը Իտալիայի գանձարան է փոխանցում 20 միլիարդ եվրոյով ավելի, քան ստանում է պետությունից ծառայություն:










