Ղրիմը հայտարարվել է անկախ պետություն. այն դիմել է ՌԴ-ին՝ դաշնության կազմում ներառվելու առաջարկով
Ղրիմը հայտարարվել է անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է Ղրիմի Գերագույն խորհուրդը՝ նշելով, որ արտահերթ նիստում «Ղրիմի անկախության մասին» որոշում է ընդունվել։
Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովի համաձայն՝ ընտրողների 96.77%-ը կողմ է քվեարկել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն։
Կիրակի Ղրիմում կայացած հանրաքվեին մասնակցել է 1.274.096 մարդ։ Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը եղել է 9.097։
Ղրիմում հանրաքվե էր անցկացվել երկու հիմնական հարցով.
1. Կո՞ղմ եք Ռուսաստանին Ղրիմի միացմանը՝ ՌԴ-ի սուբյեկտի կարգավիճակով,
2. Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992-ի սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս:
Առաջին հարցին պատասխանած մարդկանց թիվը եղել է 1.233.002, երկրորդ հարցին պատասխանած մարդկանց թիվը՝ 31.997։










