Իրանը մշակել է Սիրիայի հակամարտության լուծման սեփական պլանը
Իրանի կառավարությունը մշակել է Սիրիայի ճգնաժամը լուծելու սեփական պլանը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է pravda.ru-ն։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը, որի մանրամասները դեռ չեն հրապարակվում, կազմված է 4 կետից։ Դրանք կքննարկվեն Թեհրան ժամանած Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ։
Աբդոլլահիանը նշել է, որ «փաստաթուղթը կազմվել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման իրողություններին, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իրենց ճակատագիրը որոշելու քաղաքացիների իրավունքներին համապատասխան»։
Նա նաև հայտնել է, որ Թեհրանում քննարկումից հետո իրանական պլանը կփոխանցվի սիրիական հակամարտության լուծման հարցով հետաքրքրված բոլոր կողմերին։










