Անհետացած ինքնաթիռի օդաչուն սատարել է ընդդիմադիր գործչի, ում ազատազրկել են սոդոմիայի համար

10:25 • 17.03.14

Մալայզիական անհետացած ինքնաթիռի օդաչուն տեղական ընդդիմադիր գործիչներից մեկի ակտիվ կողմնակիցներից է եղել, որը միջադեպից ժամեր առաջ ազատազրկվել է սոդոմիայի (անբնական սեռական հարաբերություն ունենալը) մեղադրանքով, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի հրամանատարն ակտիվորեն սատարել է Մալայզիայի ընդդիմադիրներից Անվար Իբրահիմին։ Թռիչքից մի քանի ժամ առաջ Իբրահիմին դատապարտել են 5 տարվա ազատազրկման։

 

Օդաչու Զախարիա Ահմեդ Շահը «Մալայզիական ավիաուղիներ»-ում աշխատել է ավելի քան 30 տարի և համարվել է ամենալավ և հարգված օդաչուներից մեկը։ Նրա դեմ ոչինչ չի եղել, մինչև չի հայտնվել հաղորդագրություն այն մասին, որ ինքնաթիռը կարող է առևանգված լինել ավիացիային լավ ծանոթ և ինքնաթիռ կառավարելու փորձ ունեցող անձանց կողմից։

 

Դրանից հետո նրա և երկրորդ օդաչուի տանը խուզարկություն է տեղի ունեցել։
 

Հաղորդվում է նաև, որ անհետացած Boeing-ը կարող էր թռչել թալիբների տարածքով՝ դեպի Աֆղանստան կամ Պակիստան։


Քննությանը մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ քննիչները դիվանագիտական թույլտվության են սպասում այդ վարկածը ստուգելու համար։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը, որի մեջ եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, անհետացել էր մարտի 8-ին։