Մետրոյի շինարարության աղմուկից դժգոհ Կոպենհագենի բնակիչներին փոխհատուցում կվճարեն
Դանիական իշխանությունները մետրոյի գծի շինարարության աղմուկից դժգոհ Կոպենհագենի բնակիչներին կվճարեն 300 միլիոն կրոնի (55 միլիոն դոլար) փոխհատուցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այդ որոշումն ընդունվել է ավելի վաղ մետրոպոլիտենի այդ գծի շինարարության մասին օրենքի համար քվեարկած խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների արտահերթ նիստում, որը հրավիրել էր տրանսպորտի նախարար Մագնուս Հեյնիկեն:
Կոպենհագենի մետրոյի գծի շինարարությունը պետք է ավարտվեր 2018 թվականին, սակայն այժմ սպասվում է, որ դա տեղի կունենա մեկ տարի ուշ: Պատճառը շինարարության հարևանությամբ ապրող բնակիչների պահանջով երեկոյան ժամերին և հանգստյան օրերին աշխատանքի սահմանափակումն է:
Մեկ տարի ուշացումը բյուջեին կարժենա 4 միլիարդ կրոն (730 միլիոն դոլար):
Մետրոյի գիծը կունենա 15,5 կիլոմետր երկարություն և կկապի կենտրոնը Օստերբրո, Նորեբրո, Վեստերբրո և Ֆրեդերիքսբերգ թաղամասերի հետ:










