ԳԱԱ աշխատակիցները դիմում հանձնեցին ՍԴ՝ ի նշան «կուտակային»-ի դեմ բողոքի (տեսանյութ)
Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ այսօր իրենց դիմում-բողոքն ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հանձնեցին Սահմանադրական դատարան: Այնտեղ նրանց դիմումն ընդունեց ընդհանուր բաժնի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել էին ՀՀ ԳԱԱ–ի դիմաց՝ ի նշան պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ բողոքի։ Աշխատակիցները նամակ էին հանձնել նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ փոխանցելով ընդհանուր բաժին:
Անդրադառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետին, թե այդ աշխատակիցների 90%-ին ինքը որպես ԳԱԱ անդամ չի ճանաչում՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատող Հրայր Ազիբեկյանն ասաց. «Ես կարող եմ հաստատ ասել, որ անդամ եմ, և մեր ինստիտուտից ութ հոգի եկել են: Ակադեմիային կից 33-37 ինստիտուտ կա, եթե ամեն ինստիտուտից այդքան մարդ գա, այսքան մարդ չի՞ հավաքվի»:
Աշխատակիցը նաև նշեց, թե չէր սպասում, որ ԳԱԱ նախագահը նման բան կասի:
Աշխատակիցների համոզմամբ, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա գիտությունը Հայաստանում կկանգնի լարվածության վտանգավոր մակարդակի և անդարձելի կորուստների առջև, էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ: Իսկ գիտական հաստատություններում առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից, ավելին՝ նրանցից ոմանք ուղղակի ստիպված կլինեն համալրել երկրից արտագաղթողների բանակը:










