Ուկրաինացի ուժայինները հսկողության տակ են վերցրել գազատրանսպորտային համակարգը
Ուկրաինայի ազգային գվարդիան և անվտանգության ծառայությունը հատուկ հսկողության տակ են վերցրել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը։ Ինչպես տեղեկացնում է գրում է lenta.ru-ն, այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման հանձնարարություն է ուժայիններին տվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Համակարգը «ամբողջական վերահսկողության տակ» առնելու մասին որոշումը ընդունվել է «երկրի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի» աշխատանքը և անվտանգությունը ապահովելու համար:
Ավելի վաղ՝ մարտի 16-ին, «Պրավիյ սեկտոր» խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը սպառնացել էր վերացնել ուկրաինական գազամուղը, որով Ռուսաստանի գազը գնում է Եվրոպա:
Շաբաթ օրը հայտնի էր դարձել Ստրելկովոե գյուղի մոտ գազի բաշխման կայանում տեղի ունեցած դեպքի մասին: Ղրիմի կառավարությունում հայտարարել էին, որ անհայտ համազգեստավոր մարդիկ փորձել էին ականապատել գազամուղը, բայց նրանց կանգնեցրել էին Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը:
Այդ առիթով կառավարության նախագահ Սերգեյ Աքսյոնովը խնդրել է ՌԴ-ի Սևծովյան նավատորմին կայանը հսկողության տակ վերցնել, իսկ ուկրաինական ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը գրավել են Ստրելկովոե գյուղը։










