Նրանց մեծամասնությանը ես չեմ ճանաչում. Ռադիկ Մարտիրոսյանը «կուտակայինի» դեմ բողոքող երիտասարդ գիտնականների մասին (տեսանյութ)
15։02
Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներn իրենց դիմում-բողոքն ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հանձնեցին նաև Սահմանադրական դատարան: Այնտեղ նրանց դիմումն ընդունեց ընդհանուր բաժնի աշխատակիցը:
Անդրադառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետին, թե այդ աշխատակիցների 90%-ին ինքը որպես ԳԱԱ անդամ չի ճանաչում՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատող Հրայր Ազիբեկյանն ասաց. «Ես կարող եմ հաստատ ասել, որ անդամ եմ, և մեր ինստիտուտից ութ հոգի եկել են: Ակադեմիային կից 33-37 ինստիտուտ կա, եթե ամեն ինստիտուտից այդքան մարդ գա, այսքան մարդ չի՞ հավաքվի»:
Աշխատակիցը նաև նշեց, թե չէր սպասում, որ ԳԱԱ նախագահը նման բան կասի:
Աշխատակիցների համոզմամբ, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա գիտությունը Հայաստանում կկանգնի լարվածության վտանգավոր մակարդակի և անդարձելի կորուստների առջև, էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ: Իսկ գիտական հաստատություններում առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից, ավելին՝ նրանցից ոմանք ուղղակի ստիպված կլինեն համալրել երկրից արտագաղթողների բանակը:
13։49
Ակադեմիայի մի խումբ գիտաշխատողներ, ովքեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ ԳԱԱ-ի դիմաց՝ իրենց նամակը հանձնեցին ակադեմիայի նախագահին, այն փոխանցելով ընդհանուր բաժին:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հանդիպել նրանց հետ` փոխանցելով, որ ինքը տեղում չէ, սակայն երբ լրագրողները բարձրացան շենք, նա ընդունեց լրագրողներին:
Վերջինս ասաց, որ ինքն այդ բողոքողների մեծամասնությանը չի ճանաչում՝ որպես ակադեմիայի աշխատողների, սակայն չի էլ կարող պնդել, որ նրանք իրենց աշխատողները չեն:
Ինչ վերաբերում է հանձնված նամակին, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ինքն այն կփոխանցի Սահմանադրական դատարանին, ինչպես որ խնդրել են բողոքողները:
Անդրադառնալով «կուտակայինի» մասին օրենքին՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Դա մի օրենք է, որը կա բազմաթիվ երկրներում և այն իր դրական ազդեցությունը կունենա հետագայում»: Լրագրողների դիտարկմանը, թե երիտասարդ գիտաշխատողները պնդում են, որ օրենքը կստիպի իրենց չզբաղվել գիտությամբ՝ առանց այն էլ ցածր աշխատավարձով, և թե օրենքը, ի վերջո, կհանգեցնի արտագաղթի, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման բան չկա, ոչ մի արտագաղթ էլ չի լինի»:
Նշենք, որ այս պահին երիտասարդ գիտնականները շարժվում են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ նույնպես իրենց բողոքը կարտահայտեն օրենքի վերաբերյալ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել են ՀՀ ԳԱԱ–ի դիմաց և բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ։
Նրանք ստորագրահավաք են անցկացրել, որին կցել են նաև դիմում–բողոք՝ ուղղված ՀՀ ԳԱԱ–ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։
«Հայտնում ենք Ձեզ, որ պարտադիր կուտակային վճարներ իրականացնելու ԳԱԱ համակարգի ինստիտուտի որոշումը լուրջ և բուռն քննարկումների առիթ հանդիսացավ մի շարք երիտասարդ գիտաշխատողների շրջանում։
Հայտնում ենք Ձեզ մեր մտահոգությունը և անհամաձայնությունը կենսաթոշակային պարտադիր վճարները գանձելու որոշման վերաբերյալ։ Խնդրում և պահանջում ենք այդ հարցը քննարկել և բողոքարկել պատկան մարմիններում»,– ասվում է նամակում։










